Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՎՐԵԺԸ ԴԱՌՆ Է ՄԱՂՁԻ ՊԵՍ, ԱՅՆ ԴԱՆԴԱՂ ԱԶԴՈՂ ԹՈՒՅՆ Է

ՎՐԵԺԸ ԴԱՌՆ Է ՄԱՂՁԻ ՊԵՍ, ԱՅՆ ԴԱՆԴԱՂ ԱԶԴՈՂ ԹՈՒՅՆ Է
26.01.2010 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
«Իմն է վրեժխնդրությունը, և Ե՛ս կհատուցեմ»,- ասում է Տերը։
(Հռոմ. 12,19)
Իմ առջև մի հին նամակ է։ Ըստ երևույթին, շուտով այն կարող է տոնել իր հարյուրամյա հոբելյանը։ Դեղնել է թուղթը հին փղոսկրի պես, ասես հենց հիմա կթափվեն նրա ծայրերը, իսկ ծալքերը նման են սպիների։ Կարելի է մտածել, որ այն տարիներով կրել են գրպանում` կրծքի վրա։ Որպես հիշատա՞կ։ Որպես խրա՞տ։ Դրա մասին արդեն ոչ ոք ոչինչ չի ասի։ Ես այն գտա պատերազմի ժամանակ լքված դղյակում ու պահպանեցի մինչև հիմա։ Իսկ այսօր կցանկանայի հրապարակել այն առանց փոփոխման և լրացումների:
«Իմ սիրելի զավակ։ Քո վերջին նամակը ծանր բեռ դարձավ հոգուս համար։ Կարդալով այն` չէի հավատում իմ ծերացած աչքերին։ Ինչքա՜ն զազրելի ու ստոր կարող են լինել մարդիկ։ Ինչպիսի՜ գարշելի հետևանքներ ունեն վավաշոտությունն ու խանդը։ Հավատա ինձ, ես վերապրեցի այդ ամենը քեզ հետ։ Սկզբում այդ փորձը` շողոքորթությամբ քո վստահությունը շահելու, երբ ծեր կոմսն ուզեց կաշառել ու խաբել քեզ, հետո այդ անամոթ զրպարտանքը և, վերջապես` ծաղրանքի ենթարկել ու կարգադրել հեռանալ աշխարհի ծայրը։ Հիմա էլ սիրտս բաբախում է այդ ամենից։ Իսկ քո անգին, խե՜ղճ հարսնացուն։ Կարո՞ղ է արդյոք նա դիմադրել այդ խարդավանքներին։ Օ՛հ, ինչքա՜ն լավ եմ հասկանում քեզ, որ դու երդվել ես վրեժ լուծել։ Բայց զգաստացիր, թանկագինս, ու հանգիստ լսի՛ր ինձ։ Մարդու հայեցողությանն է թողնված` վրեժխնդի՞ր լինել, թե՞ ոչ: Շատերը համարում են, որ վրիժառությունը քաղցր է։ Այն քաղցր է միայն նրանց համար, ովքեր պատասխանում են անիրավացի չարագործության հարձակմանը երբեք չթուլացող ատելության զգացումով։ Դրա համար նա կամ պետք է կրի իր մեջ ատելության հսկայական նախնադարյան լիցք, ինչն ամենևին էլ ազնվաբարո մարդու հատկություն չէ, կամ նա հաճույքով ի ցույց է հանում իր վիրավորված լինելը, ինչն անվայել է տղամարդուն։ Հին վիրավորանքների բորբոքումը մենք պիտի թողնենք պառավ կանանց։ Ավա՜ղ, վրեժը դառն է մաղձի պես, այն դանդաղ ազդող թույն է։ Եթե հենց տեղում քո զայրույթը չի անցնում, և դու չես կարողանում ինքդ քեզ տիրապետել, ապա պայթիր վրդովմունքից։ Իսկ եթե այդ ամենն անցյալում է, ու դու տարված ես վրեժխնդրության ցնորքներով, ապա խճճվել ես ուրիշի չարագործության մեջ և հիվանդացել նրանով։ Դու անդադրում կաճեցնես քո մեջ վրեժն ու կշնչես վրեժխնդրությամբ, անամոք ատելության թույնը կխոցի քո սիրտն ու գլուխը։ Դիմացի՛ր, սիրելիս։ Հակառակ դեպքում չարագործը հաղթություն կտանի, չէ՞ որ նրան հաջողվեց ներքաշել քեզ իր չարության շրջանակի մեջ։ Եվ դու գտնվում ես հիմա իր չար բռնության իշխանության տակ։ Սրիկան դարձել է այժմ քո չար բախտը, օձը, որը ներարկում է թույնն ուղիղ հոգուդ մեջ։ Նրան հաջողվեց գլորել չարության քարը. եթե դու պատասխանես, ճեղքը կսկսի մեծանալ, և ավելի շատ քարեր շարժման մեջ կդրվեն, մինչև առաջանա չարության իսկական հուսին։ Եվ եթե նա սրիկայի պես է վարվել ու վարկաբեկել ինքն իրեն, մի՞թե դա պատճառ է, որ դու էլ վարվես իր օրինակով ու նմանվես նրան։ Եթե այդպես վարվեին բոլորը, աշխարհը շուտով կխեղդվեր ստորության մեջ, մեզ վրա կփլվեր ատելության հեղեղը։ Իսկ վրիժառուն կկործանվեր վրեժ լուծելու սեփական տենչանքից։ Ինչ էլ պատահի քեզ հետ, երբեք մի մտածիր վրեժխնդրության մասին։ Եթե պետք է` այո՛, մտածի՛ր պայքարի, հաղթանակի, մեղավորին պատժելու մասին։ Բայց երբեք` վրեժի։ Գտի՛ր քո մեջ հոգևոր ուժ, որ պահպանես սառնարյունությունդ։ Հարկավոր է վերացնել չար գործերի հետևանքները։ Հարկավոր է վնասազերծել հանցագործին։ Հարկավոր է հաստատել ճշմարտությունն ու արդարությունը։ Իսկ վրեժի ձգտումը, ցանկությունը, որ նա տառապի, որ նրա համար վատ լինի, որ նա ենթարկվի նվաստացման, այդ ամենը չպետք է լինի քեզ համար ո՛չ հոգս, ո՛չ էլ ուրախություն։ Տեղ թող ամենագետ դատավորի համար, մի՛ փորձիր ոչինչ տնօրինել իրենից առաջ։ Մնա՛ քրիստոնյա և ասպետ, հավատարիմ եղիր մեր ցեղին։ Բնականաբար, ես կօգնեմ քեզ, բայց մի պայմանով` հրաժարվի՛ր վրեժխնդրությունից։ Իսկ ես ճամփա կգտնեմ ու վերջ կտամ այդ պալատական խարդավանքներին։
Սրտանց և անկեղծորեն` քո արդեն ծեր հայր»։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ